• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչը իր հավատարմագիրն է հանձնել ՖՄԿ գլխավոր քարտուղարին

07 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 7-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում, Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրման նամակն է հանձնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։

Հավատարմագրման նամակի հանձնմանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի հավա­տարմությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր անդամակ­ցությամբ ստանձնած հանձնառությանը՝ նպաստելու խաղաղության, համերաշխության, մարդու իրավունքների և համամարդկային այլ արժեքնե­րի խրա­խուսմանն ուղղված միասնական ջանքերին։

Դեսպանը կարևորել է Հայաստանի և ՖՄԿ միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ այս տարիների ընթացքում այդ հարաբերու­թյուն­ները շարունակական զար­գացում են ապրում:

Երկուստեք անդրադարձ է կատարվել 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկո­ֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերին՝ որպես Հայաստանի և ՖՄԿ միջև  հարաբերություններն ամփոփող կարևոր հանգրվանի։ Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի վճռականությունը խաղերը միջազգային բարձր չափանիշներին համահունչ անցկացնելու առնչությամբ։

Գլխավոր քարտուղարի խնդրանքով Արման Խաչատրյանը հանգամանալից ներկա­յացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող շարունակական ջանքերը՝ անդրադառնալով, մասնավորապես, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։

Դեսպանը երախտագիտություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և անձամբ ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին՝ Հայաստանի հանդեպ իր առանձնահատուկ ուշադրության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին ցուցաբերած կարևոր աջակցության համար։

Շնորհավորելով դեսպան Խաչատրյանին՝ Լուիզ Մուշիկիվաբոն մաղթել է նրան արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ինչպես նաև վերջինիս շրջանակներում Հայաստանի և անդամ այլ երկրների միջև հաստատված բարեկամական և համագործակցային ամուր կապերի առավել զարգացման։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: