• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

30 մայ, 2025

Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ, 

Հարգելի՛ պարոն նախարար, թանկագին բարեկամ, 

Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։ Այս այցը, հարգելի՛ գործընկերներ, նշանավորվեց ֆրանսիացի գործընկերոջս հետ մտադրությունների մասին հռչակագրի ստորագրմամբ, որը նախատեսում է ավելի սերտ համագործակցություն մեր երկու գերատեսչությունների միջև՝ ներառյալ քաղաքական երկխոսության խորացում, պարբերական խորհրդակցությունների անցկացում արտերկրում գործող մեր դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության ավելացում, համագործակցություն եվրոպական և այլ գլոբալ միջազգային հարթակներում։  

Ուզում եմ ասել, որ շատ կարևորում ենք այն հանգամանքը, որ նախարարի այցը տեղի է ունենում նաև հենց «Երևանյան երկխոսության» օրերին և այդ ֆորումի շրջանակներում. մի ուղղություն, որտեղ մեր գերատեսչությունների միջև համագործակցությունն արդեն իսկ կայացել է, և հետագա այդ համագործակցությունների խորացումը կարող է նոր գաղափարների կյանքի կոչման գրավական դառնալ։

Ուզում եմ, իհարկե, անդրադառնալ այն թեմաներին, որոնք այսօր առիթ ենք ունեցել քննարկելու։ Իհարկե, առաջին հերթին քննարկել ենք Հայաստան-Ֆրանսիա հագեցած երկկողմ օրակարգը և մեր համատեղ ձևավորած խճանկարը, որը մեր հարաբերությունները որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս։ Կարող եմ միաժամանակ ասել, որ գետնի վրա մեր գործընկերությունը տալիս է շատ կոնկրետ արդյունքներ, ինչպիսին է, օրինակ, Վեդիի նորակառույց ջրամբարը։ 

Սա, իհարկե, միակ ծրագիրը չէ, որով Ֆրանսիան նպաստում է Հայաստանի Հանրապետության դիմակայության ամրապնդմանը և նաև տնտեսական զարգացմանը։ Մենք համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որոնք մի քանի տարի առաջ նույնիսկ չէին էլ կարող քննարկվել։ Եվ այստեղ ուզում եմ, իհարկե, արժանին մատուցել մեր երկու առաջնորդներին` վարչապետ Փաշինյանին և նախագահ Մակրոնին, ում միջև ձևավորված գործընկերության շնորհիվ է նաև, որ մենք կարող ենք այսպես մեծ, հսկայական քայլերով առաջ մղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունը։ Սա իհարկե, ունի իր հիմքերը, որը խարսխվում է նաև պատմական համակրանքի և ժողովուրդների միջև բարեկամության և սիրո վրա, և ի թիվս այլ ոլորտների, որոնք այսօր քննարկել ենք, կարող ենք նշել ենթակառուցվածքները։ Մենք ուրախ ենք տեսնել, որ ֆրանսիական հետաքրքրությունը Հայաստանում ենթակառուցվածքների կառուցման,  զարգացման գործում աճում է և էլի հուսով եմ, որ առաջիկայում շատ շոշափելի և կոնկրետ նորություններ կունենանք։ 

Ապակենտրոնացված համագործակցության զարգացումն իր հերթին միտված է նպաստել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների զարգացմանը և դրանց դիմակայունության ավելացմանը և այս համատեքստում կարևորել ենք ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը։ Այստեղ էլ առաջիկայում պետք է որ լավ նորություններ ունենանք՝ շատ կոնկրետ։ 

Հարգելի՛ ներկաներ, նախարար Բարոյի հետ այսօր անդրադարձ ենք կատարել տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով մեր երկրների միջև փոխգործակցության հնարավորություններին: Իհարկե, այս համատեքստում,  առաջնային նշանակություն ունի Հայաստանի հետ Եվրոպական միության գործընկերության խորացման ուղղությամբ մեր համագործակցությունը։ Ես շնորհակալություն եմ հայտնել նախարարին և ֆրանսիական կողմին այս ողջ գործընթացում և այս համատեքստում ֆրանսիական կողմից շարունակաբար Հայաստանին ցուցաբերվող աջակցության և Հայաստանի ցանկությունների խրախուսման համար։ Այս գործում պետք է բացի ընդհանուր պնդումից, շատ կոնկրետ բանի անդրադառնամ․ օրինակ՝ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացումը, որի շուրջ Հայաստանում մեծ ակնկալիքներ կան, իհարկե, ընթանում է մեր ֆրանսիացի գործընկերների շատ գործուն աջակցությամբ և խրախուսմամբ։ 

Կառանձնացնեի նաև Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը։ Հիշում եք՝ օրեր առաջ այդպիսի մի հանդիպում եղավ այս ձևաչափով՝ գագաթաժողով Տիրանայում, և այժմ հայտարարվեց, որ հաջորդ գարնանային հավաքը լինելու է Երևանում։ Մենք շահագրգռված ենք այս հարթակով։ Մենք առաջին իսկ օրվանից մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել։ Մեզ համար շատ արդյունավետ է այդ հարթակը, և հիմա նաև Ֆրանսիայի և մյուս գործընկերների աջակցությամբ մենք արդեն կունենանք հաջորդ գարնանային հավաքը, գարնանային հաջորդ այս ձևաչափով գագաթաժողովը տեղի կունենա Երևանում, Հայաստանում, և մեզ համար մեծ պատիվ կլինի հյուրընկալել մեր գործընկերներին։ 

Մենք կարևորություն ենք հաղորդում նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր համագործակցությանը։ Հայաստանը այստեղ ևս իր անելիքներն ունի։ Մի քանի տարի առաջ ունեցանք գագաթաժողով։ Այժմ խաղերը, երիտասարդության ներգրավումը նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում։ Ընդհանրապես ուզում եմ ասել, որ մենք շատ ուրախ ենք տեսնել, ես անձնապես շատ ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում այսօր ավելի շատ երիտասարդներ են ուզում խոսել գեղեցկագույն ֆրանսերեն լեզվով, և սա, իհարկե, շատ ողջունելի է։ 

Պարո՛ն նախարար, կարևոր է նաև նշել, որ մենք բարձր ենք գնահատում, ինչպես և նախկինում, Ֆրանսիայի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում, սահմանների անխախտելիության պաշտպանության հարցում։ Սա, իհարկե, տարածաշրջանում կանխատեսելի, անվտանգ մթնոլորտի և խաղաղության կառուցման կարևոր գրավական է։ 

Առիթից ուզում եմ օգտվել և ասել, հարգելի՛ ներկաներ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Մենք այժմ Ադրբեջանի հետ ունենք համաձայնեցված Խաղաղության պայմանագրի տեքստ, և ինչպես նախկինում, այսօր ևս մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ այդ պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը Ադրբեջանի հետ քննարկելու և որոշելու համար։ Ընդհանրապես մեր շուրջ խաղաղ և անվտանգ միջավայր ձևավորելը մեր տարածաշրջանը, նկատի ունեմ անմիջական հարևանությունը, Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է, առաջնահերթություններից է։ 

Տեղյակ եք, որ մենք նաև հարաբերությունների կարգավորման շուրջ խոսակցություն ունենք Թուրքիայի հետ և տրամադրված ենք ամբողջապես նոր, խաղաղ, անվտանգ տարածաշրջան կառուցելուն։ Համենայն դեպս, մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, մեր կողմից այդ ուղղությամբ բոլոր քայլերն անում ենք և պատրաստ ենք շարունակել։  

Եթե մի փոքր լայնացնենք մեր քննարկումը Հարավային Կովկասից, ապա կարծում եմ, քարտեզին ուղղված առաջին իսկ հայացքը կարող է մեզ թույլ տալ պնդելու, որ Հարավային Կովկասն առանցքային դեր կարող է ունենալ նաև Եվրոպա-Կենտրոնական Ասիա ճանապարհները, կամ Եվրոպան ու Կենտրոնական Ասիան իրար կապելու, իրար ավելի մոտ դարձնելու գործում։ Այստեղ ևս Հայաստանի Հանրապետության ամբողջական պատրաստակամությունն ունենք, և մենք ինքներս, նույնիսկ մեր ծրագիրն ունենք` «Խաղաղության խաչմերուկը», որը ենթադրում է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում։

Իսկապես մեր և՛ Հայաստանի, և՛ ֆրանսիական կողմի քննարկելիք հարցերը շատ են։ Այստեղ իր շատ կարևոր դերն ունի խորհրդարանական համագործակցությունը։ Ես տեսնում եմ Ֆրանսիայի Ազգային ժողովից մեր վաղեմի և երկարամյա բարեկամներին նստած այս շարքերում։ Չեմ կարող ձեզ ծանրաբեռնել բոլոր հարցերով և բոլոր ոլորտներով, սա ընդամենը շատ համառոտ նկարագրություն էր, ինչը մենք առիթ ենք ունեցել շոշափելու այսօր: 

Շնորհակալ եմ այցի համար և սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: