• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Փարիզի սրտում բացվեց Ազնավուրի անվան պուրակ

23 մայիսի, 2024

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով անվանակոչվեց Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։

Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժան դ՛Հոտըսերը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ընտանիքը՝ ի դեմս որդու՝ «Ազնավուր» հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի։

Արարողությանը ներկա էին նաև մի շարք խորհրդարանականներ, Փարիզում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆրանսիացի հասարակական, քաղաքական և մշակութային անվանի գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր։

Իր ելույթում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտության խոսք ուղղեց քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սրտում հայազգի աշխարհահռչակ արտիստի՝ Շառլ Ազնավուրի անունը կրող և վերջինիս անմար հիշատակը հավերժացնող պուրակ բացելու գեղեցիկ նախաձեռնության համար։ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ Ազնավուրն իր երգերում բազմիցս փառաբանել է Փարիզ քաղաքը՝ այն համարելով իր կյանքի կարևորագույն իրադարձությունների խորհրդանշական մեկնակետը: Իր անկրկնելի ձայնով և հուզառատ երգերով Շառլ Ազանվուրը կարողացել է գերել միլիոնավոր սրտեր՝ դառնալով համաշխարհային երաժշտության անմար լեգենդ։

Դեսպանն անդրադարձավ Մեծ Արտիստի անգնահատելի դերակատարությանը հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության և նրա երկու հայրենիքների՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում։ Ինչպես Ազնավուրն էր ասում՝ «Ես ինձ 100 տոկոսով հայ եմ զգում, և միաժամանակ՝ 100 տոկոսով ֆրանսիացի: Հայաստանը բոլոր հայերիս երազանքն է: Այն մեր ծնողների արցունքներն ու խինդն է, մի ուրույն աշխարհ, որ մենք փայփայում ենք մեր սրտի մի անկյունում»։

Հայաստանի դեսպանն ընդգծեց նաև Շառլ Ազնավուրի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած կարևոր ավանդը և ի հեճուկս հայ ժողովրդի դեմ ծառացած դժվարին մարտահրավերների՝ նրա անսասան հավատը Հայաստանի վերածննդի և լավագույն ապագայի հանդեպ: Թեև մեծանուն երգիչն առաջին անգամ Հայաստան այցելել է դեռևս 1963 թվականին, սակայն, ինչպես արտիստն ինքն է հետագայում խոստովանել՝ «1988 թվականի ավերիչ երկրաշարժից և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ջարդերից հետո էր, որ իրապես գիտակցեցի, որ մեր ժողովուրդն ու մեր արմատներն ունեն մեր կարիքը։ Թվում էր, թե 1915 թվականին վերապրած ողբերգությամբ Հայաստանն արդեն իսկ լիովին վճարել է իրեն բաժին հասած դժբախտության տուրքը, սակայն մեր երկիրը վերստին հայտնվեց սպառնալիքների և ջարդերի ներքո՝ առերեսվելով պատմության անվերջ կրկնությանը: Այդժամ, ես գիտակցեցի, որ ես իմ առջև այլևս պարտք ունեմ ոչ միայն մտածելու իմ փառքի մասին, այլ օգտագործելու այն՝ օգնելու համար իմ ժողովրդին»:

Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ Ֆրանսիան մարմնավորող, համայն հայ ժողովրդին ներկայացնող աշխարհահռչակ արվեստագետը Հայաստանի անկախությունից հետո դարձավ Հայաստանի պետականության անդավաճան ուղեկիցը՝ դառնալով նաև նրա պաշտոնական դեսպանը և իր անմնացորդ նպաստը բերելով հանուն Հայաստանի իրականացվող բոլոր նախաձեռնություններին։

Իր ելույթում Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն կարևորեց Փարիզի սրտում համաշխարհային մեծության հայազգի արտիստի հիշատակը հավերժացնող պուրակի բացումը՝ այն համարելով հայ ժողովրդի հանդեպ Փարիզ քաղաքի համերաշխության և հայ-ֆրանսիական բարեկամության յուրօրինակ խորհրդանիշ: Քաղաքապետ Հիդալգոն նաև հայտարարեց, որ առաջիկայում պուրակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը և պուրակը կծառայի ոչ միայն Մեծ Արտիստի հիշատակը հավերժացնելուն, այլ նաև կվերածվի մի վայրի, որտեղ միլիոնավոր մարդիկ կկարողանան հաղորդակից դառնալ նրա թողած մեծ ժառանգությանը:

Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրն իր երախտագիտությունը հայտնեց քաղաքապետ Հիդալգոյին՝ մեծանուն երգչի կողմից այնքան սիրված Փարիզի սրտում նրա անունը կրող պուրակի բացման համար՝ այն համարելով արտիստի հիշատակի ոգեկոչման և նրա արվեստի փառաբանման առանձնահատուկ դրսևորում, ինչպես նաև Հայաստանի դեսպանությանը՝ այս կարևոր նախաձեռնությանը ցուցաբերած հանձնառու աջակցության համար։

Արարողությունը մեկնարկեց մեծանուն երգչի «Սիրում եմ Փարիզը մայիս ամսին» (J’aime Paris au mois de mai) հայտնի երգով, իսկ ընթացքում հնչեցին երգչի ամենահայտնի ստեղծագործություններից մի քանիսը, ինչպիսիք են՝ «Ես ինձ պատկերացնում էի արդեն» (Je m'voyais déjà), «Ինձ տարեք…» (Emmenez-moi), «Ինձ համար հիասքանչ ես» (For me Formidable), «Լա Բոհեմ» (La Bohème)։

Միջոցառման ավարտին Հայաստանի դեսպանի, Փարիզի և Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետերի և Նիկոլա Ազնավուրի կողմից հանդիսավոր բացվեց պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: