• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

29 ապրիլի, 2025

Ապրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանը, «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» նախագահի ներկայացուցիչը, Կենտրոնի միջազգային տների համակարգման գծով տնօրեն Անա Պեքսաոն, Կենտրոնի միջազգային տների տնօրեններ, ինչպես նաև՝ դասախոսներ ու տարբեր երկրների ուսանողներ: Ելույթներով են հանդես եկել Գայանե Մանուկյանը, Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանը և տնօրեն Անա Պեքսաոն։

Ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված արարողություն է տեղի ունեցել Պլեսսի-Ռոբինսոն քաղաքի Ազատության հրապարակում, որին ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը և Պլեսսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկը: Ներկա էին ռեգիոնի, դեպարտամենտի և քաղաքային խորհրդի անդամներ, հայկական կառույցների ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ։ Այնուհետև՝ ծաղկեպսակներ են զետեղվել Ազատության հրապարակում տեղադրված Զորավար Անդրանիկի հուշարձանի դիմաց, ինչպես նաև՝ ծաղիկներ են խոնարհվել նույն հրապարակում կանգնեցված հայկական խաչքարի մոտ:

Նույն օրը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Ռենսի քաղաքում գտնվող «Դպրոցասեր» կրթական հաստատության բակում կանգնեցված խաչքարի առջև, որը կազմակերպել էր Ռենսիի քաղաքապետարանը՝ «Դպրոցասերի բարեկամներ» տիկնանց միության կողմից: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել և ծաղկեպսակներ են խոնարհել Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենետիեն, Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի, Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի, Ռենսիի, Պավիյոն-սու-Բուայի, Լիվրի-Գարգանի, Գանյիի քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանը։ Ելույթներով են հանդես եկել քաղաքապետ Ժան-Միշել Ժենետիեն, դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանը և «Դպրոցասեր»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աղավնի Սարիկայան։

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանություն 110-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Իսի-լե-Մուլինո, Առնուվիլ, Շավիլ, Ալֆորվիլ և Սարսել քաղաքներում։

Իսի-լե-Մուլինո քաղաքում միջոցառումը տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթողի առջև՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էրվե Մարսելի, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսիայում Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ պատվելի Ժոել Միքայելյանի, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանի, Օ-դե-Սեն դեպարտամենտի, հարակից քաղաքների խորհուրդների անդամների, ինչպես նաև մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և տեղի բնակիչների մասնակցությամբ։ Հուշակոթողի առջև ծաղկեպսակների զետեղման արարողությունից հետո ելույթներով են հանդես եկել դեսպան Խաչատրյանը, քաղաքապետ Անդրե Սանտինին, Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանը, պատվելի Ժոել Միքայելյանը և փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը։

Առնուվիլ քաղաքում միջոցառումը տեղի է ունեցել քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի առջև, որտեղ  ծաղկեպսակներ են զետեղվել Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս Լիանա Ղուկասյանը, Առնուվիլ քաղաքի և Վալ-դ’Ուազ դեպարտամենտի խորհուրդների, տեղի հայ և ասորի համայնքային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Ելույթներով են հանդես եկել Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը, փոխքաղաքապետ Քրիստոֆ Ալթունյանը և դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս Լիանա Ղուկասյանը։

Շավիլ քաղաքում միջոցառումը տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում, որտեղ կանգնեցված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Միջոցառմանը ներկա էին Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների և դիմադրության շարժման մասնակիցների ասոցիացիայի (ANACRA) նախագահ Լեոն Հովնանյանը, Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի, Օ-դե-Սեն դեպարտամենտի նախագահների ներկայացուցիչները, Շավիլ և մերձակա քաղաքների խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, որոնց կողմից ծաղկեպսակներ խոնարհվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ելույթներով հանդես են եկել քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, ANACRA-ի նախագահ Լեոն Հովնանյանը և Շավիլի հայկական եկեղեցու մշակութային ասոցիացիայի ներկայացուցիչը։

Ալֆորվիլ քաղաքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտյագոյի, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանի, ինչպես նաև՝ Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամների, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչների, երիտասարդ սկաուտների մասնակցությամբ։ Աշտարակի հրապարակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհելուց հետո՝ ելույթներով են հանդես եկել քաղաքապետ Լյուկ Կարվունասը,  դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանը, ինչպես նաև՝ ՀՅԴ ներկայացուցիչ Աստղիկ Մաթոսյանը  և Ալֆորվիլի հայկական AYP FM ռադիոյի գլխավոր խմբագիր Մարիետ Կարապետյանը:

Սարսել քաղաքում Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի, այնուհետև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված այգում տեղադրված խաչքարի և Կոմիտաս վարդապետի կիսանդրու մոտ տեղի են ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություններ, որին ներկա էին Ֆրասիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Ռոմեն Էսկենազին և Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Սարսելի պրեֆեկտի տեղակալ Դոմինիկ Լեպիդին, Վալ-դ’Ուազ դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարի-Քրիստին Կավեչին, Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադդադը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Սարսել քաղաքի հայ առաքելական և ասորական եկեղեցիների հոգևոր հայրերը, համայնքային և հոգևոր կառույցների, հայ և ասորական համայնքների ներկայացուցիչներ։ Միջոցառումների ավարտին ելույթներով են հանդես եկել պատգամավորներ  Ռոմեն Էսկենազին և Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադդադը, փոխպրեֆեկտ Դոմինիկ Լըպիդին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, ինչպես նաև՝ համայնքային և հոգևոր կառույցների ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: