• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը մասնակցեց ֆրանսահայ քանդակագործի հեղինակած գեներալ դը Գոլի կիսանդրու բացման արարողությանը

04 ապրիլի, 2023
Ապրիլի 4-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը Փարիզում մասնակցեց Շառլ դը Գոլի հիմնադրամում կազմակերպված ֆրանսահայ քանդակագործ Ժան-Պոլ Նարգիզյանի հեղինակած գեներալ դը Գոլի կիսանդրու բացման պաշտոնական արարողությանը։
 
Շառլ դը Գոլի հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառմանը ներկա էր և ելույթով հանդես եկավ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն։
 
Շնորհակալություն հայտնելով Շառլ դը Գոլի հիմնադրամի նախագահ Հերվե Գեմարին գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար՝ դեսպան Տոլմաջյանը խորհրդանշական համարեց ֆրանսահայ տաղանդաշատ արվեստագետ Ժան-Պոլ Նարգիզյանի կողմից գեներալ դը Գոլի պղնձաձույլ կիսանդրու կերտումը՝ ի նշան Ֆրանսիայի հյուրընկալ հողում ապաստան գտած ցեղասպանությունը վերապրած հայերի մեծ երախտագիտության։ Այս կապակցությամբ, դեսպանը հիշատակեց 1941թ. Դամասկոսում հայ համայնքի հետ հանդիպմանը Շառլ դը Գոլի հնչեցրած խոսքերը, որ «հայ ժողովուրդը փոքր է, բայց ունի հարուստ մշակույթ ու պատմություն, և վստահաբար մազապուրծ փոքրաթիվ հայերը կդառնան վաղվա օրվա այն քաջարի երիտասարդները, ովքեր կվերածնեն անվտանգ, ազատ և անկախ Հայաստանը»։
 
Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց նաև Սենատի նախագահին իր ներկայությամբ այս խորհրդանշական միջոցառումը պատվելու, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին ցուցաբերված առանձնահատուկ համերաշխության համար՝ մատնանշելով, մասնավորապես, Սենատի կողմից 2020 թվականին Արցախի ճանաչումը պահանջող և 2022 թվականին ադրբեջանական ագրեսիան դատապարտող զույգ բանաձևերի ընդունումը, ինչպես նաև Սենատի նախագահի պատվիրակության այցը Հայաստան՝ 2021 թվականի ապրիլի 24-ին։
 
Սենատի նախագահն, իր խոսքում անդրադառնալով Ժան-Պոլ Նարգիզյանի ստեղծագործությանը, ընդգծեց, որ այն ոչ միայն լավագույն վկայությունն է հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության, այլև հերթական առիթը Հայոց ցեղասպա-նության ոգեկոչման համար։ Վերստին հիշատակելով գեներալ դը Գոլի կողմից Դամասկոսում հնչեցված խոսքը, որ «մարդկային խիղճը պետք է բացառի, երբևէ չընդունի և չմոռանա ցեղասպանության դատապարտելի ու բարբարոս հանցագործությունը»՝ նախագահ Լարշեն իր հերթին ընդգծեց անպատժելիության և ժխտողականության դեմ պայքարում հիշողության կարևորությունը, և այդ առումով Ֆրանսիայի ունեցած դերակատարությունը։
 
Մտահոգություն հայտնելով ադրբեջանական սպառնալիքի հետևանքով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների առնչությամբ՝ նա վերահաստատեց Ֆրանսիայի բարեկամությունն ու աջակցությունը Հայաստանին և Արցախին, ինչպես նաև Ադրբեջանին ուղղված Սենատի պահանջը՝ անհապաղ վերաբացելու Լաչինի միջանցքը։
 
Հանդիսությանը ներկա էին նաև Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, մի շարք սենատորներ և պատգամավորներ, ինչպես նաև քանդակագործի ընտանիքը, որը, հետմահու կյանքի կոչելով վերջինիս ցանկությունը, կիսանդրին նվիրաբերեց հիմնադրամին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: